
«Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանը հուլիսի 22-ին պատասխան մեկնաբանություն է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման տակ, որով նա Truth Social հարթակում հրապարակել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հատված, որը վերջինս ունեցել էր հայաթափված Շուշիում։
Նա հորդորել է Թրամփին «չլեգիտիմացնել բռնապետին, ով անչափելի տառապանք և ավեր է հասցրել մի հին քրիստոնյա ազգի, հայտնում է Panorama.am-ը։
Պատասխանում, մասնավորապես, նշված է. «Պարո՛ն նախագահ, խորը հարգանքով ստիպված եմ արտահայտել իմ ցավն ու մտահոգությունը կապված Ձեր որոշման հետ՝ տարածել մի տեսանյութ, որտեղ հանդես է գալիս Իլհամ Ալիևը՝ մեր ժամանակների ամենահանցագործ և բռնապետական առաջնորդներից մեկը։
Խնդրում եմ հաշվի առնել հետևյալ կարևոր փաստերը․
Պարո՛ն նախագահ, ոՈրպես Ալիևի ցեղասպան գործողությունների զոհ և որպես իմ տեղահանված ժողովրդի ձայն՝ հարգանքով հորդորում եմ Ձեզ․ մի՛ լեգիտիմացրեք մի բռնապետի, ով անչափելի տառապանք և ավեր է հասցրել մի հին քրիստոնյա ազգի։
Փոխարենը խնդրում ենք՝ մնալ հավատարիմ Ձեր իսկ խոսքին՝ օգնելով դադարեցնել բռնությունը և էթնիկ զտումը։ Մեր ժողովուրդը շարունակում է հույս ունենալ, որ Միացյալ Նահանգները, և հատկապես Դուք, կկանգնեք արդարության, ազատության և ճշմարտության կողքին։
Մենք խնդրում ենք Ձեր աջակցությունը հետևյալ ուղղություններով՝
° Մեր ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձին մեր հայրենիք,
° Մեր վտանգված կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությանը,
° Ադրբեջանի բանտերում պահվող հայ պատանդների ազատմանը,
° Ադրբեջանում պետական հովանավորչությամբ տարածվող հակահայ ատելության և ֆաշիստական քարոզչության վերացմանը։
Խնդրում ենք, թույլ մի տվեք, որ «խաղաղության» բռնապետական հռետորաբանությունը մթագնի մեր ժողովրդի իրական և շարունակվող ողբերգությունը»։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։