4 հունիսի 2009 - 20:01 AMT
«ԱրմենԹելը» շահագործման է հանձնել «վճարման ունիվերսալ քարտը» եւ «բալանս-տրանսֆեր» ծառայությունը
«ԱրմենԹել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) այսօր հայտարարել է ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի բաժանորդների համար երկու նոր ծառայությունների` «վճարման ունիվերսալ քարտի» եւ «բալանս-տրանսֆեր» ծառայության ներմուծման մասին:
Վճարման ունիվերսալ քարտը ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի բաժանորդներին թույլ է տալիս համալրել Beeline ցանցի ցանկացած ֆիքսված կամ բջջային հեռախոսահամարի հաշիվը: Այդպիսի քարտեր 1000, 2500, 5000, 10 000 եւ 20 000 դրամ արժեքով կարելի է ձեռք բերել ընկերության սպասարկման կետերում, խանութներում եւ կրպակներում: Հաշվի համալրման դեպքում լրացուցիչ վճար չի գանձվում:
Բալանս-տրանսֆեր ծառայությունը նախատեսված է Beeline կանխավճարային համակարգի բաժանորդների համար եւ հնարավորություն է տալիս սեփական հաշվից գումար փոխանցել Beeline ցանցի ցանկացած ֆիքսված կամ բջջային հեռախոսահամարի հաշվին:
«Այդ ծառայություններն ուղղված են առաջին հերթին բաժանորդների հարմարավետությանը: Այժմ Beeline բջջային կապի վճարման համար հարկավոր չէ այցելել վաճառքի գրասենյակներ, իսկ մեր բաժանորդներն ավելի հեշտությամբ կվճարեն ընտանիքի անդամների եւ հարազատների հաշիվները»,- ասել է «ԱրմենԹել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Այդ ծառայությունից օգտվելու համար պետք է բջջային հեռախոսով հավաքել *145*ստացողի համարը*փոխանցման գումարը#: Մեկ փոխանցման արժեքը 25 դրամ է (ԱԱՀ ներառյալ):