4 հունիսի 2009 - 22:54 AMT
Դմիտրի Մեդվեդեւ. Ռուսաստանը ձգտում է հետագայում եւս զարգացնել գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ
Պետությունների ղեկավարների հաճախակի հանդիպումները թույլ են տալիս հաղթահարել կյանքի տարբեր ոլորտներում հանդիպող դժվարություններն, ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպումից առաջ: «Կյանքն այժմ ավելի ծանր է դարձել եւ հարկավոր է հաղթահարել դժվարությունները, իսկ դրանք հաղթահարելու համար հարկավոր է առավել հաճախակի հանդիպել, ինչն էլ մենք անում ենք»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

Նա նաեւ հայտարարել է, որ հաճախակի հանդիպումներն օգտակար են երկկողմ հարաբերությունների համար եւ «թույլ են տալիս հասցեագրված որոշումներ կայացնել կոնկրետ հարցերի շուրջ»:

Մեդվեդեւը հույս է հայտնել, որ այդ հանդիպմանը երկու երկրների նախագահները կկարողանան քննարկել «ամենակարեւոր թեմաները»: Ընդ որում, ըստ նախագահի, Ռուսաստանը ձգտում է հետագայում եւս զարգացնել գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: