5 հունիսի 2009 - 14:41 AMT
Եվս մեկ քրեական գործ է հարուցվել Երեւանի ավագանու ընտրություններում խախտումների փաստով
ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանից հունիսի 4-ին ստացել է դիմում՝ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում թիվ 9/28, 5/25, 8/06, 9/21, 10/20 ընտրատեղամասերում եւ թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրական գործընթացում ներգրավված անձանց, մասնավորապես դիտորդների, վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ կից արձանագրություններով:

Նկատի ունենալով, որ ներկայացված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ եւ որ նշված փաստերը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հունիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի, 150-րդ եւ 153-րդ հոդվածների հատկանիշներով: