5 հունիսի 2009 - 21:45 AMT
EuFoA-ն հայտարարել է Հայաստան-Եվրոպա խորհրդակցական խորհրդի ստեղծման մասին
«Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպությունը` «EuFoA», հայտարարել է հայ-եվրոպական խորհրդակցական խորհրդի ստեղծման մասին: Ինչպես հայտնել է են PanARMENIAN.Net-ին EuFoA-ից , խորհուրդը յուրահատուկ մարմին կդառնա, որը նպաստելու է Հայաստանի եւ եվրոպական երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Խորհրդակցական խորհրդի կազմի մեջ մտնում են Եվրոպայի հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ:

«Ես ցանկանում եմ շնորհակալությւոն հայտնել նրանց, ովքեր միացել են խորհրդի աշխատանքներին, որը առանցքային եվրոպական պլատֆորմներից մեկն է դառնալու` Հայաստանին եւ Եվրոպային վերաբերող հարցերի շուրջ բանավեճեր անցկացնելու համար: Սա այս բնույթի առաջին հաստատությունն է: Խորհուրդն ընդգծում է դերը, որը եվրոպական երկրները խաղում են Հայաստանի եւ Հարավային Կովկասի խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու մեջ: Հենց այդ նպատակն էլ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ «Արեւելյան գործընկերության» կարեւոր առաջադրանքներից է»,- հայտարարել է Խորհրդի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը: