28 մայիսի 2002 - 23:52 AMT
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԵՐԿՐՈՒՄ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ
Տեղական ինքնավարության մարմիններում առաջիկա ընտրությունների կապակցությամբ կրկին սրվել է իրավիճակը Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում:Բաքվի մամուլը հիստերիա է բարձրացրել` պնդելով, որ «պաշտոնական Թբիլիսին ադրբեջանցիների նկատմամբ անց է կացնում էթնիկական մաքրման քաղաքականություն»: Օրերս Թբիլիսիում կայացել է համայնքի ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվել է երկրում բնակվող ադրբեջանցիների հանդեպ «հարաբերությունների բարդացման» կապակցությամբ ստեղծված իրավիճակը: Նիստի մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որում ասվում է այն մասին, որ վերջին ժամանակներս Վրաստանի որոշ քաղաքական եւ պետական գործիչներ իրենց թույլ են տվել վիրավորական արտահայտություններ անել ադրբեջանական ժողովրդի հասցեին: «Նման վերաբերմունքը երկրում բնակվող ադրբեջանցիների հանդեպ Վրաստանին կարող է հասցնել անսպասելի արդյունքի»,- նշվում է փաստաթղթում: Համայնքի առաջնորդները վրդովված են, մասնավորապես նրանից, որ պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գեորգի Բարամիձեն եւ «Ազգային շարժում» ընդդիմադիր կաուսակցության առաջնորդ, արդարադատության նախկին նախարար Միխաիլ Սահակաշվիլին անվանում են ադրբեջանցիներին «թաթարներ»: Ադրբեջանցիներն առանձնահատուկ անբարյացկամություն են տածում Սահակաշվիլու հանդեպ, որի հայկական ծագումը նրանց անհանգստացնում է, քանզի հայտնի է, որ այդ քաղաքական գործիչը վստահորեն հավակնում է նախագահի աթոռին: Հիշեցնենք, որ մինչ այդ ադրբեջանցիների հարձակմանն էր ենթարկվում ուրիշ էթնիկ հայ` խորհրդարանի նախկին խոսնակ Զուրաբ Ժվանիան, որը նույնպես հավակնում է դառնալ Էդուարդ Շեւարդնաձեի փոխարինողը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: