10 հունիսի 2009 - 22:16 AMT
«Ժառանգություն». Փաստահավաք խմբի աշխատանքը կվերսկսվի միայն արտաքին ճնշման տակ
«Որեւէ պրոֆեսիոնալ կամ քաղաքական պատճառ 2008թ. մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքի դադարեցման համար չի եղել: Ուղղակի պետական մեքենան թույլ չի տվել մեկ այլ կառույցի շտկել այն, ինչը շտկման կարիք ունի»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է Լարիսա Ալավերդյանը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ իր որոշ գործողություններում նախագահը ազատ չէ` նախկին նախագահի կողմից նրա առջեւ դրված սահմանափակումների պատճառով:

Լ.Ալավերդյանը վստահ է, որ «2+2+1» սկզբունքը, որով ձեւավորվել է խումբը, թույլ էր տալիս արդյունավետ գործել: Նա հայտարարել է, որ իշխանությունների համոզվածությունը, թե խումբը չի կարող աշխատել այդ կազմում անհիմն էր: «Կամ իշխնությունները գերագնահատել են իրենց հնարավորությունները, բավարար համարելով իր 2 ներկայացուցիչների առկայությունը խմբում, կամ կարծում էին, թե խմբի գործունեությունը իմիտացիոն բնույթ է կրելու»,-ասել է նա, ընդգծելով, որ անկախ ամեն ինչից, խումբը կարողացավ աշխատել:

Լ.Ալավերդյանը նշել է նաեւ, որ խմբի հրապարակած նյութերը սենսացիոն կամ գերգաղտնի չէին: Ալավերդյանը կարծիք է հայտնել, որ ցանկացած դեպքում, խմբի անդամները պետք է ներքին հետաքննությունն ավարտին հասցնեին ու պարզեին, թե ով է մեղավոր քննության փաստաթղթերի հրապարակման համար: Ալավերդյանը նաեւ տեղեկացրել է, որ բոլոր փաստաթղթերը, որ հավաքվել են խմբի աշխատանքի ընթացքում, այս պահին կնքված են եւ պահվում են չհրկիզվող պահարանում:

Լ.Ալավերդյանը վստահ է, որ խմբի աշխատանքը չի վերսկսվի, եթե իշխանությունների հանդեպ միայն ներքին ճնշում գործադրվի: Սակայն նույնիսկ եթե դա տեղի ունենա արտաքին ճնշման տակ, ամեն դեպքում, աշխատանքի ձեւաչափը կփոխվի: Ալավերդյանը գտնում է, որ երկրի ներսում հնչող կարծիքներին ականջալուր լինելու իշխանությունների կարողությունը միշտ զորացնում է նրան, դարձնում ավելի ուժեղ, քան արտաքին ճնշամն ազդեցությամբ որոշումներ կայացնելիս»: