11 հունիսի 2009 - 21:46 AMT
ՀԱԿ քննադատում է Հայաստանում MCC ծրագրերի ֆինանսավորման դադարեցումը
Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի դեմ ուղղված ցանկացած պատժամիջոցներ պետք է ուղղվեն Հայաստանի կառավարության դեմ, որը մեղավոր է ստեղծված իրադրության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, հենց այդ հանգամանքի հետ է կապված Հայաստանում ծրագրերը ֆինանսավորելու` «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության հրաժարվելը: «Բայց ամբողջ ցավը նրանում է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են ոչ թե կառավարության, այլ Հայաստանի ժողովրդի դեմ, ուստի ՀԱԿ դեմ է այդ որոշմանը»,- ընդգծել է Զուրաբյանը:

Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը (MCC) դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը: Այդպիսի որոշում է ընդունվել ընկերության տնօրենների խորհրդի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ կայացած նիստին: Ընկերության գլխավոր տնօրեն Ռոդնի Բենտի խոսքով, այդպիսի որոշման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման զարգացման վերաբերյալ ընկերության սկզբունքներին, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունը: