12 հունիսի 2009 - 16:43 AMT
Nabucco-ի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել, հարցը նախագծի իրականացման մեջ է
Եթե նույնիսկ Nabucco-ի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվի հունիսի 26-ին Ստամբուլում, այնուամենայնիվ, հարցը նրանում է, թե կիրականացվի նախագիծը թե ոչ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հունիսի 12-ին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: «Nabucco-ն առավելապես քաղաքական, ոչ թե տնտեսական պատճառներով է նախաձեռնվել: Սակայն այն կառուցելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ, իսկ աշխարհում այսօր ֆինանսական ճգնաժամ է: Հարցը նրանում է, թե կիրագործվի նախագիծը, թե ոչ»,-ասել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավոր մասնակցությանն այդ նախագծին, ապա Իսկանդարյանը հայտարարել է, որ դա դժվար է պատկերացնել: «Անձամբ ինձ համար դժվար է նույն նախագծում պատկերացնել Հայաստանին ու Ադրբեջանին, որ գազամուղը Ադրբեջանից կանցնի Հայաստան կամ էլ Ադրբեջանից Վրաստան հետո Հայաստան եւ այնուհետեւ Եվրոապա»,-ասել է քաղաքագետը:

Nabucco-ի վերաբերյալ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հունիսի 26-ին Ստամբուլում: 3300 կմ գազամուղը նախատեսվում է Կասպից տարածաշրջանից գազի առաքման համար դեպի Ավստրիա` Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի տարածքով, շրջանցելով Ռուսաստանը: Գազամուղը կարող է ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, որն այժմ կախված է ռուսական գազից: