12 հունիսի 2009 - 23:28 AMT
Երեւանում տեղի է ունեցել Լեոյի «Անցյալից» գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը
Երեւանում տեղի է ունեցել հայտնի պատմաբան Լեոյի «Անցյալից» գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը, աշխատությունը հրատարակվել է Միքայել Հայրապետյանի խմբագրությամբ: Առաջին անգամ հայտնի պատմաբանի ու գրողի գիրքը հրատարակվել է 1925թ., որից հետո տարիներ շարունակ մոռացության է մատնվել խորհրդային իշխանությունների կողմից:

«Այս գիրքը պետք է լինի յուրաքանչյուր հայի սեղանի գիրքը, քանի որ այնտեղ նկարագրվում են հայ ժողովրդի ճակատագրական սխալները, որ արվել են անցյալ դարասկզբին: Ես հուսով եմ, որ «Անցյալից» գրքի ընթերցանությունը կօգնի մեզ խուսափել սխալների կրկնությունից, որոնք, ցավոք, մենք կրկնում ենք նորից ու նորից»,-շնորհանդեսին ասել է Մ.Հայրապետյանը:

«Շուրջ 80 տարի առաջ գրված «Անցյալից» գիրքը պատմական, գրական ու քաղաքագիտական արժեք է ներկայացնում»,-ասել է գրախոսականի հեղինակ Աշոտ Սարգսյանը:-«Գիրքը գրվել է Հայոց ցեղասպանությունից 10 տարի անց, երբ հեղինակը կարողացավ ուշքի գալ ու ետ նայել: Ինձ վիճակվել է ընթերցել գրքի օրիգինալը, որը դատելով նրա վիճակից, փակված լինելով արխիվում, այնուամենայնիվ, բազմիցս ընթերցվել է եւ բազում տողեր ընդգծված են»:

Երկրորդ անգամ Լեոյի «Անցյալից» պատմագրական աշխատությունը հրապարակվել է 2009թ. «Շեմ» տպագրատանը:

Լեոն (Առաքել Գրիգորի Բաբախանյան) ծնվել է 1860թ. ապրիլի 14-ին Շուշիում, նա ականավոր հայ պատմաբան է, գրող, հրապարակախոս, Երեւանմի համալսարանի պրոֆեսոր:

20 դարի սկզբին նա բազում հետազոտություններ է հրապարակել Հայաստանի պատմության հիմնական խնդիրների վերաբերյալ: Նրան են պատկանում հայ տպագրությանը, հայտնի հայ հասարակական գործիչների, հրապարակախոսների ու քննադատների կյանքին ու գործունեությանը նվիրված մենագրությունները:

Կյանքի վերջին տարիներին նա աշխատել է Հայաստանի պատմության բազմահատորյակի վրա: