
Հայտնի գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու մեղադրանքով։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քրեական վարույթը հարուցվել է 2024 թվականի հունիսի 5-ին սկսված գործընթացի շրջանակում, իսկ հանրային քրեական հետապնդումը՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը), հայտնում է «Փաստինֆոն»։
Քրեական վարույթը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում հայցի ապահովման կիրառման պայմաններում գույքի օտարմանը։
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում:
Գլխավոր դատախազությունը, ի թիվս այլնի, խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը՝ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Դատարանը բավարարել է Դատախազության դիմումը՝ արգելելով նշված ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը:Ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է Գագիկ Ծառուկյանին: Իրավասու մարմնի կողմից իրավական օգնություն տրամադրելու մասին հարցում է ուղարկվել Բուլղարիայի Հանրապետություն:
Դատարանը բավարարել է պահանջը՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին կայացած որոշմամբ։ Նույն տարվա օգոստոսի 24-ին Ծառուկյանին առձեռն ծանուցվել է այդ մասին։
Սակայն, ըստ դատախազության, հետագա իրավական համագործակցության շրջանակում ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ արգելքի առկայության պայմաններում՝ 2024 թվականի մարտի 15-ին, Ծառուկյանն ու նրա կինը լիազորված անձի միջոցով վաճառել են վերոնշյալ բաժնեմասերը՝ 23 մլն 850 հազար եվրոյով։ Այս վաճառքը տեղի է ունեցել՝ չնայած նրան, որ գույքի նկատմամբ սահմանված է եղել արգելանք՝ ըստ Հակակոռուպցիոն դատարանի որոշման։
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ բացակայելու արգելք։
Սա արգելանքի տակ գտնվող գույքի օտարման առաջին դեպքը չէ՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որն առեղծվածային պայմաններում մեկ գիշերում վաճառվել է իշխանական օլիգարխ Նարեկ Նալբանդյանին։ Այս դեպքում, սակայն, իրավապահներն այդպես էլ չեն բացահայտել, թե ինչպես է ստացվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հաշվեկշռում որպես արգելադրված գույքը վաճառվում է, բայց այդպես էլ որևէ պաշտոնյա՝ ՀԿԿ-ից կամ դատախազությունից պատասխանատվության չի ենթարկվել։