
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է դեկտեմբերի 4-ին «մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը»։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։
«Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները»,–ասվում է հայտարարության մեջ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4–ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանն ասել էր, որ նրա դեմ ուղիղ ցուցմունք չկա։