
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի ՀՀ ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ Այս մասին հայտնել է:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Վրաստանն իբր Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է 92 դոլար մեկ տոննայի դիմաց, գրում է Sputnik Արմենիան։
«Դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից հարցում է ստացել Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղուն» հանձնարարություն է տրվել մեկանգամյա կարգով երկաթուղային բեռնափոխադրումն իրականացնել ամբողջովին անվճար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի համար վստահելի ու ռազմավարական գործընկեր, ինչպես նաև հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման օգտին։
Ավելի վաղ Դոհայում ընթացող միջազգային ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Ըստ նրա՝ Գաբալայում կայացած հանդիպմանն են նավթի արտահանման թեմային անդրադարձել։ Ալիևի օգնականն այս քննարկումներն աննախադեպ է որակել՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 28-ին Գաբալայում մասնակցել է սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպմանը, սակայան, կողմերից ոչ մեկը հանդիպումից հետո չէին հայտնել, որ սահմանազատման գործընթացից բացի, այլ հարցեր են քննարկվել։
Նոյեմբերի 5-ին Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ռուսական ցորեն է առաքվել դեպի հայ-վրացական սահմանին գտնվող «Այրում» կայարան, իսկ Ղազախստանից բերված ցորենը տեղ է հասել նոյեմբերի 8-ին։ Այս առաքումները վերջին 35 տարիների ընթացքում դարձել են առաջին ուղիղ երկաթուղային փոխադրումները, որոնք իրականացվել են Ռուսաստանի տարածքով՝ անցնելով Ադրբեջանի սահմանով կամ նրա միջով՝ Վրաստան, այնուհետև Հայաստան։