10 դեկտեմբերի 2025 - 14:49 AMT
Արաղչին ՀՀ-ում Իրանի նոր դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ համագործակցության ամրապնդումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպում է անցկացրել Հայաստանում նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ՝ մինչ վերջինիս մեկնելը Երևան։

Նախարարն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու համար բոլոր հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը, հայտնում է Արմենպրեսը՝ IRNA գործակալության վրա հղումով։

Դեսպան Շիրղոլամին ներկայացրել է իր նախաձեռնությունները՝ ուղղված բարիդրացիական հիմքի վրա երկու հարևան պետությունների միջև փոխհարաբերությունների զարգացմանը։

Իր մաղթանքներում Արաղչին շեշտել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները կառուցված են քաղաքակրթական և պատմական հիմքերի վրա։

Նախքան դեսպան նշանակվելը Խալիլ Շիրղոլամին զբաղեցրել է Իրանի ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ պատասխանատու լինելով հետազոտական և վերլուծական աշխատանքների համար։