
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությանը, որով Բաքուն դժգոհել էր ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթղթից և հայտարարել, թե ակնկալում է, որ «որոշ ձևակերպումներ կհեռացվեն»։
Բադալյանը նշել է, որ ՀՀ–ԵՄ փաստաթուղթը «միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին»,–հայտնում է Panorama.am-ը։
«Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա:
Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին: Հավելեմ, որ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցություններն, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը։
Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահայտված աջակցության, ԵՄ-ն ողջունել էօգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»,-ասել է Անի Բադալյանը։
Դեկտեմբերի 9–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը «հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին», գրում է Minval.az-ը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել փաստաթղթում ընդգրկված այն դրույթները, որոնք, իրենց գնահատմամբ, ուղղված են Ադրբեջանի դեմ։ Մասնավորապես բողոք է հարուցել «Լեռնային Ղարաբաղի հայեր, որոնք դարձել են տեղահանված» ձևակերպումը։ Ադրբեջանը պնդում է, թե նրանք լքել են երկիրը կամավոր, հրաժարվելով վերաինտեգրվելուց, և նրանց փախստական անվանելը դիտարկում է որպես միակողմանի մոտեցում։
Բաքվում համաձայն չեն նաև ԵՄ-ի՝ Հայաստանի կողմից Միջազգային դատարանի որոշումներին ուղղված պահանջների նկատմամբ աջակցությանը։ Երկկողմ հարցերը երրորդ կողմի հետ քննարկելը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, անտեսում է Ադրբեջանի ներկայացրած դիմումները և հակասում է Վաշինգտոնի խաղաղ համաձայնագրի նախագծին, որը նախատեսում է փոխադարձ պահանջների վերացում։
Բաքվին դուր չի եկել նաև «ռազմական հանցագործությունների համար դատապարտված անձանց ազատ արձակման պահանջը, որոնք ներկայացվում են որպես «գերեվարվածներ»։
«Բացի այդ, TRIPP նախագծի հիշատակումների բացակայությունն ու «Խաղաղ խաչմերուկ» հայկական նախաձեռնության միակողմանի աջակցությունը կասկածի տակ են դնում Հայաստանի ու ԵՄ-ի մտադրությունների լրջությունը»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բաքուն մտահոգիչ է համարել նաև ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը Բաքվում ընկալվում է «որպես քարոզչական գործիք»։ Փաստաթղթում պաշտպանության և անվտանգության հարցերի վրա արված շեշտադրումը, ըստ Ադրբեջանի, հանգեցնում է Հայաստանի ռազմականացմանը։
«Բաքուն ակնկալում է Հայաստանի ու ԵՄ-ի կողմից վնասակար կետերի վերացմանն ուղղված քայլեր և շարունակելու է ուշադիր հետևել զարգացումներին՝ ըստ անհրաժեշտության համապատասխան քայլեր ձեռնարկելով»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։