11 դեկտեմբերի 2025 - 12:21 AMT
Փաշինյան. Դեսպանն ասաց՝ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանն այլևս հերթեր չեն լինելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում, հայտնում է Արմենպրեսը։

«Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն այս առնչությամբ հավելյալ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, որ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցը իրենց օրակարգում է։ Այս հարցի ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում են Եվրամիության գործընկերների հետ` ներկայացնելով քաղաքացիների այն մտահոգությունը, որ վիզա ստանալու համար ստիպված են 10 ամիս սպասել։ Եվ հիմա առաջին արձագանքը Գերմանիայի դեսպանատնից է։

Նա հույս է հայտնել, որ այս գործընթացը շղթայական կշարունակվի։ Վարչապետը հիշեցրել է, որ վերջին տարիներին նկատելի ավելացել է Հայաստանից դեպի ԵՄ տուրիստական հոսքը` չնայած վիզա ստանալու դժվարություններին։

ՀՀ վարչապետը նկատել է, որ շատերն են հանգստյան օրերին նախընտրում մեկնել Հռոմ, Բեռլին և այլ եվրոպական քաղաքներ, ինչը խոսում է ոլորտում փոփոխությունների, քաղաքացիների կյանքի որակի բարձրացման մասին։ Որպես օրինակ նա նշել է, որ ժամանակին ավիատոմսերը, թանկ լինելու պատճառով, շատերի համար անհասանելի էին թվում, իսկ հիմա շուկայում 35 կամ 50 եվրոյով հնարավոր է տոմս գնել։ Դա էլ իր հերթին նպաստում է, որ քաղաքացիները հաճախ ճամփորդեն Եվրոպա։

Փաշինյանը Գերմանիայում էր պաշտոնական այցով։