
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի։
«Վերջերս մամուլով և տարբեր անձանց կողմից դիտավորյալ շրջանառվում է անհիմն այն պնդումը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չունի կանոնադրություն։
Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով։ Դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցին ձեռնամուխ է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրության ստեղծմանը, որի աշխատանքները շարունակվել են Գարեգին Ա Վեհափառի և ավելի լայն թափով՝ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության շրջանում։
2009 և 2014 թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովների (ԵՆԺ) ընթացքում հաստատվել են Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ), Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կանոնադրությունները, ինչպես նաև թեմական, ծխական կանոնադրությունների ուղենիշները։ Հաստատված և պատրաստի այս կանոնադրությունները գործածելի են մեր եկեղեցում, որոնց վերջնական վավերացումը պետք է կատարվի նաև ԱԵԺ-ի կողմից։
Ուստի Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր և հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում։
Միևնույն ժամանակ ցավ ի սիրտ պետք է արձանագրենք, որ կանոնադրությունների մշակման հանձնախմբերի աշխատանքները խաթարված են, քանի որ նրանց ատենապետներն այժմ ապօրինաբար ազատազրկված են։
Ինչ վերաբերում է ԱԵԺ գումարմանը, հարկ ենք համարում ընդգծել, որ Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությունն է եղել և է՝ յոթ տարին մեկ գումարել ԱԵԺ՝ քննարկելու համար Հայոց Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, լուծումներ տալու առկա հարցերին և նախանշելու մեր եկեղեցու գործունեության առաջնահերթությունները։ Ցավոք, այն հետաձգվեց համավարակի և արցախյան պատերազմի պատճառներով։ Հուսով ենք, որ առաջիկային Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա ԱԵԺ, որը կպատասխանի և լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին»,–ասվում է հայտարարության մեջ։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։