12 դեկտեմբերի 2025 - 14:16 AMT
Վազգեն սրբազան․ Միակ ուղին կաթողիկոսի հանդիպումն է վարչապետի հետ՝ քննարկելու նրա հանգստի կոչվելու պայմանները

Վարչապետի հետ հանդիպման գնացած՝ Բալթյան երկրների թեմը ղեկավարող Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի համոզմամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ քրհետապնդում չի լինի, սակայն վերջինս կհեռանա գահից,գրում է «Ազատությունը»։

«Միակ ուղին այս ամբողջի լուծման վեհափառ հայրապետի հանդիպումն է ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելու վեհափառ տիրոջ հանգստի կոչվելու պայմանները, տարբեր հարցեր», - ասել է նա՝ հավելելով, որ վարչապետն ինքն է եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ ասել, որ պատրաստ է հանդիպել կաթողիկոսին:

Ըստ Միրզախանյանի՝ այս պահին ոչ մի նշան չկա, որ վեհափառն ու վարչապետը կնստեն նույն սեղանի շուրջ․ նա նշել է, որ նախորդ շաբաթվա վերջին կաթողիկոսը հայտարարել էր՝ շարունակելու է առաքելությունը նույն նվիրումով:

«Այդ հանգստի կոչվելու մեջ ինչո՞ւ են վատ բան տեսնում», - հարցնում է Վազգեն սրբազանը:

Նա Լուսավորչի, Օծնեցու՝ գահից հեռացած կաթողիկոսների օրինակներն է վկայակոչել՝ նշելով, որ արդեն ուշ է, որ վարչապետն ու կաթողիկոսը հավաքվեն այլ հարց քննարկելու, քան գահը թողնելն է: Ըստ արքեպիսկոպոսի՝ այդպիսի հնարավորություն կար ամռանը:

Նրա համոզմամբ՝ վեհափառի տրամադրությունը փոխվումէորոշ ուժերի ազդեցության տակ, և այդ ուժերն «այսօր էլ խանգարում են՝ հայաստանյան ընդդիմությունն ու Ռուսաստանն են»:

Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե կաթողիկոսն ու նրա եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն այլ երկրների շահերն են առաջ մղում, թեև մինչև օրս ոչ մի փաստ չի հրապարակվել, քրեական որևէ գործընթացի մասին հայտնի չէ:

Հարցին, թե փաստեր ներկայացվե՞լ են, Բալթյան երկրների թեմի առաջնորդը պատասխանել է. «Կարելի՞ է այստեղ ես լռեմ...ես կարող եմ ասել, որ այո: Եղբոր հետ կապված»:

«Գործող կառավարությունը ունի միանշանակ իր պատասխանատվությունը, դա անբեկանելի է, բայց մենք չբարձրացնե՞նք նաև հարցեր՝ խաղաղապահների ներկայությամբ ի՞նչ եղավ, ինչո՞ւ կորցրինք վերջնական, ամեն ինչը կառավարության վրա գցելով կլինի՞»,–ասել է նա։

Նա անդրադարձել է նաև իրավապահների գործողություններին՝ նշելով, որ եթե ԱԱԾ-ն փորձում է համոզել քահանաներին պատարագի ընթացքում զեղչել կաթողիկոսի անունը, կամ աջակցում է կարգալույծ քահանային Հովհանավանքում և հսկում է Յոթ Վերքի եկեղեցու մուտքերը, ապա այդ ուժերը թշնամի չեն։

«Ոչ մի հոգևորականի վրա իրավունք չունի ոչ ոք ճնշումներ գործադրել, բայց կա այստեղ մի ուրիշ բան՝ սա մեր երկիրն է, մեր հոգևոր սպասավորների, բազմաթիվ մարդկանց մեջ դրել են, որ թշնամի են իրենք: Մեր իշխանությունը, որ մեր 700 հազար ժողովուրն ընտրել է, այդ մարդկանց նկատմամբ թշնամական վերաբերմունք են ձևավորել և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս», - ասել է նա։

Վեհափառի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներից մեկը լինելով՝ Միրզախանյանն ավելի վաղ ասել էր, որ շարունակում են գործակցել կաթողիկոսի հետ և քննարկում են բոլոր հարցերը։ Արձագանքելով այն հարցին, թե ինչն է փոխվել՝ Միրզախանյանն ասել է, որ իրենք ստիպված են եղել գնալ այդ քայլին։

«Մենք ստիպված ենք եղել այս քայլը կատարելու, մենք վեհափառի կողքին միշտ ենք եղել, մեր Էջմիածնի կողքին կանք և կանոնականության մեջ ենք: Մենք այսօր էլ ենք իր կողքին, մենք իր գործերի կողքին չենք»,–ասել է նա։

Մայր Աթոռը 56 եպիսկոպոս ունի, Վազգեն սրբազանի պնդմամբ՝ նրանցից շատերն են վեհափառի հեռացման կողմնակից, ուղղակի դեռ լուռ են: Նա հուսով է, որ ի վերջո վեհափառը Եպիսկոպոսաց ժողով կհրավիրի, որտեղ նրան կստիպենհեռանալ:

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, օրերս հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ «Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։