15 դեկտեմբերի 2025 - 10:20 AMT
Զեյնալյանը՝ Երևանում «Կարմիր մահիկի» մեքենայի մասին․ Հիվանդի տեղափոխումն օդով անցանկալի է եղել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանում նկատված «Կարմիր մահիկի» մեքենայի շուրջ խոսակցություններին, պարզաբանել է, որ Ֆրանսիայից հիվանդի տեղափոխումն օդով անցանկալի է եղել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Երևանի Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենան, որը համարժեք է «Կարմիր խաչին» հիմնականում մահմեդական երկրներում, շատերը շփոթել էին թուրքական շտապ օգնության մեքենայի հետ։ Ռեանիմոբիլով Ֆրանսիայից տեղափոխված ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացին այժմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է։

«Քանի որ շահարկումները չեն դադարում և կրքերը չեն հանդարտվում նախորդ գրառմանս հետ կապված, թեև չէի ցանկանա դետալների մեջ մտնել, բայց և այնպես ստիպված եմ առավել մանրամասնել։

  1. Հիվանդը շուրջ մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում։
  2. Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։
  3. Բժշկական ցուցումով և հիվանդի առողջական վիճակով պայմանավորված ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար և միակ տարբերակը ռեանիմոբոլով (հատուկ սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով) տեղափոխել էր։
  4. Հիվանդի հարազատները, փաստաթղթերը ձևակերպելու և տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։
  5. Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել նրա տեղափոխումը Հայաստան»,- ասվում է գրառման մեջ։