
Լեհ երկրպագուները Երևանում «Նոա»-«Լեգիա» խաղից հետո, «Վերնիսաժի» տարածքում անկարգություններից բացի, խուլիգանական վարք են դրսևորել նաև ռեստորանում։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ռեստորաններից մեկում նրանց անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, տեղեկացնում է Auroranews.am-ը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից): Կատարվում է նախաքննություն: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- հայտնել են գերատեսչությունից։
Դեկտեմբերի 11–ին Երևանում կայացած Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղից հետո, որտեղ «Լեգիան» պարտվել է «Նոային», մի խումբ լեհ երկրպագուներ անկարգություններ են սկսել Երևանում՝ Վերնիսաժի հատվածում։
ՆԳՆ-ից ասել են, որ դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ Լեհաստանի երկրպագուները կոտրում են ամեն ինչ: Ոստիկանություն էր տեղափոխել Լեհաստանի 17 քաղաքացի, որոնք հետո ազատ էին արձակվել։