
ԿԳՄՍՆ աջակցությամբ չինարենից հայերեն և հայերենից չինարեն է թարգմանվում դասական գրականություն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել է «Արևիկ գրատանը» տեղի ունեցած միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել են չինական գրականության հայերեն թարգմանությունների վերջին հատորները։
«Ըստ հուշագրի՝ յուրաքանչյուր կողմ իր երկրում պետք է թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս երկրի դասական գրականությունը: Այս գրքերի միջոցով կողմերը ծանոթանում են միմյանց՝ աշխարհի ամենահին, հարուստ քաղաքակրթությունների՝ Հայաստանի և Չինաստանի պատմությանը, արվեստին, կրթությանը, գրականությանն ու փիլիսոփայությանը: Փոխադարձ թարգմանությունները նպաստում են նաև ճանաչողության զարգացմանը, տվյալ երկրում ճամփորդելու ու նորանոր բացահայտումներ անելու հնարավորությանը»,- նշել է Դանիել Դանիելյանը։
Նա ընդգծել է, որ թարգմանական գործընթացում կարևոր է երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը, ինչը երկարաժամկետ զարգացում ապահովող առանցքային պայմաններից մեկն է։
«Արևիկ» հրատարակչության կողմից ԿԳՄՍՆ աջակցությամբ հայերեն թարգմանությամբ արդեն լույս են տեսել հետևյալ չինական գրքերը՝ Ա Չընի «Ծառերի արքան», Ցաո Յուի «Ամպրոպ», Յու Հուայի «Ապրել», Սյա Հոնի «Հուլան գետի պատմությունները», Շը Թիեշընի «Ես և երկրի տաճարը»։
Միաժամանակ, վերջին մեկ տարվա ընթացքում չինարեն են թարգմանվել և հրատարակվել հետևյալ հայ գրական ստեղծագործությունները՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ»։
Այս փոխադարձ աշխատանքը նպատակ ունի չինացի ընթերցողներին ծանոթացնել հայ գրականության գոհարներին, իսկ հայ ընթերցողին՝ չինական դասական մտքին ու մշակույթին։
Ծրագիրը չի սահմանափակվելու այս գործերով։ 2026 թվականին և դրան հաջորդող տարիներին, պայմանավորվածության համաձայն, չինարեն լույս կտեսնեն Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, «Սասնա ծռեր» էպոսը, հայ ժողովրդական հեքիաթների ժողովածուն, Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Աղասի Այվազյանի պատմվածքները, Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև», Շիրվանզադեի «Քաոս», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» երկերը, հայ ժամանակակից արձակի և պոեզիայի անթոլոգիաներ: