
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով։ Այդ մասին հայտնել են Դատախազությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։
ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը հայտարարել էր, թե, իբր, Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, վերադասի կողմից էլ չկրակելու հրահանգ է տրվել։
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն արձագանքել էր այս հայտարարությանը՝ Նաիրա Գևորգյանին անվանելով «ԶՈւ-ում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձ»։
«ԶՈւ-ում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:
Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»,- նշել էր ՊՆ մամուլի քարտուղարը։