18 դեկտեմբերի 2025 - 18:39 AMT
Մայր Աթոռում հավաք նախաձեռնող եպիսկոպոսների ակցիան կարճատև էր․ Ընթերցել են հայտարարությունն ու հեռացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսն Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել, հայտնում է News․am-ը։

Նրանք նախ տևական ժամանակ Սուրբ Գայանե եկեղեցում էին և դուրս չէին գալիս, հետո, մոտավորապես ժամը 17:50-ին, դուրս են եկել և ԱԱԾ հատուկջոկատայինների ուղեկցությամբ շարժվել դեպի Մայր Աթոռ, որտեղ նրանց դիմավորել են Վեհափառի բազմաթիվ աջակիցներ՝ բարձրաձայն վանկարկելով «հուդա»։

Մայր Աթոռի բակում հավաքված էին նաև այն քաղաքացիները, որոնք եկել էին եպիսկոպոսների կոչով՝ տևական ժամանակ սպասելով նրանց։

Հայտարարությունն ընթերցելուց հետո եպիսկոպոսները հեռացել են՝ այս անգամ ևս ԱԱԾ հատուկջոկատայինների ուղեկցությամբ։

Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

Դրա ավարտին իր խոսքում Գարեգին Բ–ն ասել է․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք հավաքվել եք հայոց հոգևոր կենտրոնում՝ վկայելով ձեր սերը հանդեպ Առաքելական մեր սուրբ եկեղեցին։ Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի։

Ինչպես պատմիչ Առաքել Դավրիժեցին է վկայում, հայոց ազգը ի սփյուռս աշխարհի կապված է Լուսավորչի աջին և սուրբ Էջմիածնին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուժի խորհրդանիշն է։ Աստվածակառույց սուրբ Էջմիածինն աշխարհասփյուռ հայոց ազգի միաբանության մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել եկեղեցին, սուրբ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողությունը բաժանումներ է առաջացրեկլ մեր ազգային կյանքում, մասնատել մեր ժողովրդին։

Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջեւ։ Այս պայմաններում փոխանակ հանրության մեջ հաշտության, ահնդուրժողության, միասնության ոգին զորացնելու, եկեղեցի–պետությունը խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը։

Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, և բոլոր հայորդիներին, ազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ, ինչպես նաև հակաեկեղեցական արշավի այս օրերին իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայր աթոռ սուրբ ԷԹջմիածնին և մեր սուրբ եկեղեցու ազգօգուտ առաքելությանը»։

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն ասել է, որ հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն, հայտնում է Aysor.am-ը։

«Այս պահին մեր առաքելությունը ավարտված է։ Հաջորդ անգամ այստեղ կլինենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարում աղոթելու մեր ժողովրդի, ազգի և հոգևոր դասի զորացման ու պայծառության համար»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։