
Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է, որ ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։
Հարությունյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ամրապնդվող կապերը և նշել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերջին որոշմամբ մտնում ենք համագործակցության նոր փուլ։
Նա վստահություն է հայտնել, որ այն նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև բազմոլորտ կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև Միացյալ Թագավորության Կառավարության շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։
Ալեքսանդրա Քոուլը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին տարբեր ուղղություններով կընդլայնվեն ու կխորանան։
Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղման, ռազմավարական հաղորդակցության, քաղաքացիական հասարակության զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցությանը։
Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Բլեյզ Մետրևելիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: