20 դեկտեմբերի 2025 - 10:22 AMT
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում առաջարկվել է դիմել միջազգային կառույցներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովում առաջարկ է ներկայացվել դիմել միջազգային կառույցներին ու իրավապաշտպան մարմիններին՝ «կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները»։

Հրատապ է համարվել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։

«Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին:

Քննարկման առարկա դարձան հոգևորականների ու Եկեղեցու հավատավոր զավակների նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները և քրեական վարույթներով իրավական գործընթացները։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց իր պահանջը ՀՀ իրավապահ և դատական մարմիններից, որ արդարադատություն, օրինականություն ապահովվի շինծու մեղադրանքներով ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և այլ նվիրյալ հայորդիների նկատմամբ։ Շեշտվեց, որ Մայր Աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով պետք է հետամուտ լինի Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց Եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները»,–ասվում է հայտարարության մեջ։

Քննության է առնվել նաև վարչապետի ներկայությամբ մատուցվող պատարագներին հարկադրաբար Ամենայն Հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հարցը, ընդգծվել է, որ սույն երևույթը նոյեմբերի 26-ի եպիսկոպոսաց ժողովում միաձայն դատապարտվել էր որպես եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական, որ կարող է հանգեցնել հերձվածի։ ԳՀԽ անդամները տարակուսելի են համարել, որ ժողովական որոշմանը կողմ հանդես եկած որոշ եպիսկոպոսներ հետագայում մասնակից դարձան իշխանության նախաձեռնությամբ կազմակերպված աղճատված արարողություններին։

Խորհուրդն անընդունելի է համարել եպիսկոպոսների կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հրաժարվել պարտադրված և հակականոնական օրակարգերից ու վերադառնալ Մայր եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես կանոնական ընթացակարգերով։

Ժողովին մասնակցած անդամները երախտագիտություն են հայտնել հոգևորականներին ու հավատավոր ժողովրդին, ովքեր մնացել են նվիրված եկեղեցուն՝ չնայած արհեստականորեն հրահրված լարվածությանը, ցուցաբերելով զգոնություն և հավատարմություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։