24 մայիսի 2002 - 23:39 AMT
ԲԱՔՎԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏՎԱՅԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Բաքվի որոշ ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության ուսումնասիրությանն են հանձնել Ղարաբաղի հարցով խաղաղ կարգավորման նոր նախագիծը: Մասնավորապես, «Զերկալո» թերթը տեղեկություններ ունի այն մասին, որ առաջարկների փաթեթի բովանդակությունը ոչ մի նոր բան չի պարունակում, այլ ընդամենը կրկնում է այն գաղափարները, որոնք ընկած էին հակամարտության կարգավորման նախկին տարբերակների հիմքում: Թերթի այսօրվա համարի հրապարակման համաձայն, նախագիծը ենթադրում է հայկական կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող բոլոր շրջանների փոխանցումը Ադրբեջանին` բացառությամբ Լաչինի: Լաչինի միջանցքը, որը միացնում է Ղարաբաղը Հայաստանի հետ, անցնում է Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղը ձեւականորեն մնում է Ադրբեջանի կազմի մեջ եւ օժտվում է անկախ պետության հիմնական հատկանիշներով: Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ հայերը պնդում են, որպեսզի պայմանագրում ամրագրվեն այն բանի հստակ երաշխիքները, որ խաղաղարար ուժերի նահանջից հետո, Լաչինի միջանցքը չի անցնի Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ: Այդ պահանջը, «Զերկալոյի» մեկնաբանի կարծիքով, անընդունելի է Բաքվի համար, քանի որ ըստ էության ենթադրում է «սահմանների փոփոխություն»: Այդ իմաստով, միջնորդների նոր առաջարկները, «Զերկալո»-ի պատկերացմամբ, ավելի անվտանգ են: Այնինչ, Բաքվի մեկ այլ թերթի «Ենի Մուսավաթի» հրատարակիչները տեղեկություններ ունեն այն մասին, որ Մինսկի խմբի նոր սկզբունքները հիմնված են փարիզյան սկզբունքների վրա, որոնք Ադրբեջանը մերժել էր: Թերթին տված հարցազրույցում «Մուսավաթ» կուսակցության նախագահի տեղակալ Սուլհադդին Աքպերը նշել է, որ գերտերությունները պատրաստ են ճնշում գործադրել Ալիեւի վրա` փարիզյան սկզբունքները ըդունել ստիպել տալու նպատակով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: