22 դեկտեմբերի 2025 - 15:37 AMT
Երևանում օգոստոսից ավելի քան 1470 քաղաքացի է տուգանվել տրանսպորտում խախտումների համար

Երևանի ներհամայնքային տրանսպորտում կանոնների խախտման համար այս տարվա օգոստոսից սկսած տուգանվել է ավելի քան 1470 քաղաքացի։ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցել է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը։

«Ընթացիկ տարվա օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում հսկողության արդյունքում զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կայացվել է 1473 տուգանքի որոշում, որից 1107-ը՝ առանց տոմսի երթևեկելու, 99-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու, իսկ 267-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար»,- ասել է Բաբայանը, հայտնում է Aysor.am-ը։

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար սահմանված տուգանքի չափը 15 հազար դրամ է։