
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին։ Շնորհավորելով սարկավագներին ու փոխանցելով իր օրհնությունը՝ կաթողիկոսն ասել է, որ բոլոր ժամանակներում եկեղեցին հանդիպել է մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականների ծառայութան շնորհիվ։
Նա անդրադարձ է կատարել սուրբ Ստեփանոս Նախավկայի կերպարին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հոգևորական պետք է ոգեշնչվի նրա նվիրումից և պատասխանատվության զգացումից։ Կաթողիկոսը հավելել է, որ այսօր նույնպես նոր մարտահրավերների պայմաններում հայ հոգևորականն ունի կարևոր առաքելություն՝ իր հավատավոր ժողովրդին միավորելու եկեղեցու շուրջ և Ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղություն։
Վերջում Գարեգին Բ–ն սարկավագներին հորդորել է՝ Սուրբ Ստեփանոսի հավատքը, աստվածսիրությունն ու քաջության ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունն ուղղել ի բարին եկեղեցու և հայրենիքի։
Հանդիպման ավարտին կաթողիկոսը պատասխանել է նաև սարկավագների հարցերին, որոնք առնչվել են Եկեղեցու առաքելությանը և այն մարտահրավերներին, որոնք ծառացած են նրա առջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։
«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։