26 դեկտեմբերի 2025 - 13:24 AMT
Ծառուկյան. Վստահ եմ` մեր եկեղեցին կհաղթահարի դժվար փուլը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ամփոփելով տարին և անդրադառնալով մարտահրավերներին, ֆեյսբուքյան իր էջում վստահություն է հայտնել, որ «իր ավանդույթների ամրության և իր վեհության շնորհիվ մեր եկեղեցին կհաղթահարի դժվար փուլը և կշարունակի լինել աշխարհասփյուռ հայությանը միավորող կարևորագույն կենտրոն»։

Նշելով, որ դժվար տարի ունեցանք՝ Ծառուկյանը նշել է, որ այս տարի ևս բոլորիս մտքերում գերության մեջ գտնվող մեր «արժանապատիվ հայրենակիցներն էին, որոնք, ցավոք, դեռևս չեն վերադարձել տուն»։

«Մենք ամեն վայրկյան պարտավոր ենք հիշել նրանց մասին, որպեսզի նրանց ազատությունն իրականություն դառնա։

Այս տարի ևս մեկ դժվար տարի էր Արցախի մեր հայրենակիցների համար, և մենք ամեն կերպ փորձել ենք աջակցել նրանց խնդիրների լուծմանը։ Աջակցությունն անպայման շարունակվելու է գալիք տարի»,–նշել է նա։

Նա նաև անդրադարձ է կատարել «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ընթացքին՝ նշելով, որ այն սկսել է իր ոգևորող ուղին Հայաստանի տարբեր շրջաններում և համայնքներում։

«Ստացվել են հազարավոր հետաքրքիր առաջարկներ՝ Հայաստանի բոլոր քաղաքներից ու գյուղերից, բոլոր ոլորտներից, սոցիալական շերտերից։ Այդ առաջարկները կարող ենք ամբողջացնել հետևյալ առանցքային կետերով.

  1. Ներքին համերաշխություն
  2. Իրական խաղաղություն
  3. Խեղճության մերժում
  4. Նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր օդ
  5. Վերկուսակցական թիմ, ընդունակների իշխանություն
  6. Արդար բարքեր, արդար պետություն
  7. Տնտեսական խոշոր, հուսալի նախագծեր
  8. Պաշտպանված բիզնես
  9. Գյուղի վստահ զարգացում
  10. Առողջ սերունդ
  11. Համատեղ՝ անզիջում պայքար չարիքի՝ թմրամոլության դեմ»,-գրել է նա։

Ծառուկյանը նաև հայտնել է, որ արդեն նոր տարվա առաջին օրերից կսկսվի նոր առաջարկների մշակումն ու հրապարակումը, որոնք, ըստ նրա, զգալիորեն կփոխեն երկրի մթնոլորտն ու քաղաքացիների բարեկեցության մակարդակը։

«Ես ուզում եմ, որպես հաջորդ տարվա համար մեծագույն ցանկություն, մեզ մաղթել ներքին խաղաղություն և հանրային համերաշխություն։ Մեր հայրենիքը հարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար»,–գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։