
ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպած «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները հայտնի են:
Քվեարկությանը մասնակցած 15 հավատարմագրված մարզական լրագրողների ընտրությամբ տարվա լավագույն մարզիկներ են ճանաչվել Վարազդատ Լալայանը (ծանրամարտ), Մալխաս Ամոյանը (ըմբշամարտ) և Արթուր Դավթյանը (մարմնամարզություն)։
Լավագույն կին մարզիկի կոչումը ստացել է ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը։
Հաշմանդամություն ունեցող մարզիկների շարքում լավագույնն է ճանաչվել շախմատիստ Սարգիս Սարգսյանը, իսկ տարվա լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի ֆուտզալի հավաքականը։
Լավագույն երիտասարդ մարզիկի անվանակարգում հաղթող է դարձել ըմբիշ Գասպար Տերտերյանը, իսկ տարվա սպորտային հայտնություն՝ կարատեիստ Սուրեն Հարությունյանը։
Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացրած մարզիկ է ճանաչվել մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը։
Տարվա լավագույն մարզչի տիտղոսը ստացել է ծանրամարտի վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև ժամը 17:00։
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: