27 դեկտեմբերի 2025 - 13:56 AMT
Աշոտյան․ Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի միջոցառմանը և հնչած մի շարք ելույթներին, հայտարարել է, որ Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել:

«Գաղտնիք չէ, որ մենք բազմաթիվ տարաձայնություններ ունեցել ենք և ունենք, սակայն թե այսօրվա իրականությունը, թե երկրում քաղաքական մշակույթի և մտքի կրիտիկական պահանջարկը թելադրում են շահագրգիռ լինել քաղաքական դաշտում արժեքներ, միտք, պատմություն և սկզբունքներ կրող դերակատարների գործունեությամբ՝ անկախ բոլոր տարաձայնություններից։

Միաժամանակ ուզում եմ արձագանքել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իրենք «մերժել են ՀՀԿ-ի հետ դաշինքը»։

Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձևաչափի առաջարկ չի արել։

Հետևաբար չէր էլ կարող մերժվել մի բան, որը չի եղել։

Մանավանդ, որ գալիք ընտրություններին մասնակցելու կապակցությամբ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը դեռ առհասարակ չի հայտնել։

Ինչ վերաբերում է մեզ ուղղված «ձեռքի հետ» ոճի քննադատությանը , ապա առնվազն այս փուլում որպես բարի կամքի դրևորում զերծ կմնամ հակադարձումներից։

Այս փուլում։ Որպես բարի կամքի դրսևորում»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։