
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել է ընթացիկ տարվա գործունեությունն ու հաստատվել է 2026 թվականի բյուջեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։
Նա նշել է, որ 5 տարվա պայմանագիր ունեցող ԵՊՀ դասախոսների աշխատավարձը 30%-ով կբարձրանա
«Երևանի պետական համալսարանում անցկացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի հիմնական ուշադրության կենտրոնում գտնվել է 2024-2025 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը։ Այն գործում է հստակ ձևակերպված և հաստատված զարգացման ռազմավարության տրամաբանությամբ՝ անցնելով նախաձեռնություններից համակարգային և չափելի քաղաքականությունների իրականացման փուլ։
Նիստի ընթացքում արձանագրվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, այդ թվում՝ միջազգայնացման ուղղությամբ առաջընթացը․ Ֆրանսիայի Լիլի համալսարանի հետ համագործակցությամբ տրվել է կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որը նոր որակ է հաղորդում ԵՊՀ կրթական առաջարկին։
Գիտական արդյունքների տեսանկյունից արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԵՊՀ աշխատակիցների հեղինակությամբ միջազգային գիտական շտեմարաններում հրապարակվել է 711 հոդված, ինչը վկայում է համալսարանի գիտական ներուժի և հետազոտական ակտիվության մասին»։
Նիստի ընթացքում հաստատվել է նաև 2026 թվականի բյուջեն, որի շրջանակում նախատեսվել է մոտ 30 տոկոսով բարձրացնել այն դասախոսների աշխատավարձերը, որոնք ունեն հնգամյա պայմանագրեր։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը շարունակելու է աջակցել համալսարանի ռազմավարական զարգացմանն ուղղված որոշումներին՝ ապահովելով կայունություն, մրցունակություն և ժամանակակից պահանջներին համահունչ զարգացում»,- գրել է Պապիկյանը։