
Հայաստանում նախատեսվում է օրենքով կարգավորել գաղտնի տեղեկություն հավաքելու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրությունն ու շրջանառությունը։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում և հարակից ակտերում փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է ուժեղացնել տեղեկատվական և ազգային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանել քաղաքացիների անձնական տվյալները, հայտնում է Panorama.am-ը:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս օրենսդրորեն կարգավորված են միայն նման միջոցների ներմուծման, արտահանման և օգտագործման կանոնները, մինչդեռ դրանց արտադրությունն ու վաճառքը դուրս են մնացել հստակ վերահսկողությունից։ Տեխնոլոգիական զարգացումների ֆոնին գաղտնալսման և գաղտնի տվյալների հավաքման սարքերի արտադրությունը դարձել է ավելի մատչելի, ինչը, ըստ հեղինակների, ավելացնում է չարաշահման և հանցավոր օգտագործման ռիսկերը։
Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է՝ թույլատրել գաղտնի տեղեկություն հավաքելու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների արտադրությունը միայն այն դեպքերում, երբ դրանք նախատեսված են օրենքով լիազորված պետական մարմինների համար, սահմանել, որ նման գործունեությամբ կարող են զբաղվել միայն իրավաբանական անձինք, ներդնել պարտադիր լիցենզավորում՝ հինգ տարի ժամկետով, սահմանել պետական տուրք՝ բազային տուրքի 1500-ապատիկի չափով, արտադրության և շրջանառության նկատմամբ վերահսկողությունն ու լիցենզիաների տրամադրումը վերապահել Ազգային անվտանգության ծառայությանը։
Լիցենզավորման կարգը, պայմանները և պահանջվող փաստաթղթերի ցանկը կսահմանվեն կառավարության որոշմամբ։
Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ առանց վերահսկողության նման սարքերի արտադրությունը կարող է վտանգել Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները՝ մասնավոր կյանքի, նամակագրության և անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Բացի այդ, իշխանությունների գնահատմամբ, դրանք կարող են հասանելի դառնալ հանցավոր խմբավորումներին կամ օտարերկրյա հատուկ ծառայություններին։մ։