18 հունիսի 2009 - 01:30 AMT
ԵԱՀԿ ԽՎ անվտանգության հարցերին նվիրված նստաշրջանը տեղի կունենա Վիլնյուսում
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անվտանգության հարցերին նվիրված ամենամյա նստաշրջանը տեղի կունենա Վիլնյուսում հունիսի 29-ից հուլիսի 3-ը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում, նստաշրջանին կմասնակցեն կազմակերպության 49 անդամ երկրների շուրջ 250 ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում կքննարկվեն ԵԱՀԿ գոտում մարդու իրավունքների խախտման, էներգետիկ անվտանգության ու համագործակցության, ինչպես նաեւ միգրացիայի, ջրային ռեսուրսների, կլիմայի փոփոխության եւ սպառազինությունների վերահսկման հարցերը:
Բացի այդ, ԵԱՀԿ ԽՎ երկու գլխավոր կոմիտեներում կքննարկվեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ֆինանսական ու սոցիալական հետեւանքները, ինչպես նաեւ պարենային անվտանգության հարցերը: Նախատեսվում է ընդունել Վիլնյուսի հռչակագիրը, որը կներառի նստաշրջանի ընթացքում ներկայացված բոլոր խորհուրդները: