20 հունվարի 2026 - 16:29 AMT
Փաշինյան. Գիտեմ, որ Ալիևի հետ կիսում ենք «Զայեդի» մրցանակը՝ դա արդարացված է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, ինչպես նաև հանձնաժողովի անդամներ՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին ու Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին ղեկավար, Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի հանձնաժողովի անդամներին գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալու «Զայեդի» անվան մրցանակին։

«Իհարկե, դա շատ մարդկանց կատարած աշխատանքի արդյունքն է Հայաստանում, և բնականաբար Հայաստանից դուրս։ Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է։ Այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում և դեռ աշխատում են՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, տարբեր միջազգային հարթակներում, Ադրբեջանում։ Եվ իհարկե, առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, Կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետև գիտեք, որևէ համաձայնության ի կատար ածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գործընթացում ամենակարևոր դերը խաղացել է Հայաստանի ժողովուրդը։

Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել է 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին՝ ի նշան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, համագործակցության խթանման ու կայունության օրակարգի հետևողական առաջխաղացման։ Նա հավելել է, որ նույն մրցանակն ստացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով երկու առաջնորդների միացյալ ջանքերը խաղաղության ուղղությամբ։

Աբդելսալամը նաև նշել է, որ վարչապետ Փաշինյանի գործողությունները կարող են օրինակ ծառայել աշխարհում այլ հակամարտությունների լուծման համար։

«Այս նշանավորումը ցույց է տալիս հենց համաձայնագրի կարևորությունը՝ որպես դրական քայլ դեպի խաղաղություն, հաշտեցում և տարածաշրջանային կայունություն։ «Զայեդի» մրցանակը նշանավորում է այս նախաձեռնությունը, որպեսզի խրախուսի և ոգեշնչի աշխարհի առաջնորդներին ձգտելու երկարատև խաղաղության։ Մենք վստահ ենք, որ ինչ Դուք անում եք, գալիս է սրտից, հանուն խաղաղության, Ձեր ժողովրդի և ամբողջ աշխարհի»,– նշել է Մուհամմադ Աբդելսալամը՝ ավելացնելով, որ այս տարի մրցանակի հավակնորդների թվում է եղել 350 մարդ՝ ավելի քան 90 երկրից։

Հանդիպման ընթացքում վարչապետին փոխանցվել է հրավեր՝ մասնակցելու 2026 թվականի փետրվարի 4-ին Աբու Դաբիում նախատեսված «Զայեդի» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։

«Զայեդի» մրցանակը ստացել է իր անվանումը Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր և հանգուցյալ առաջնորդ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունով։ Այն շնորհվում է անձանց կամ կազմակերպությունների, անկախ նրանց ազգային, մշակութային կամ աշխարհագրական պատկանելությունից, որոնք նշանակալի ներդրում են ունենում մարդկային եղբայրության և խաղաղ համակեցության ոլորտում։

Մրցանակն առաջին անգամ սահմանվել է 2019 թվականին՝ հաջորդելով Աբու Դաբիում կայացած պատմական հանդիպմանը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հանգուցյալ առաջնորդ Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում ստորագրվել է Մարդկային եղբայրության փաստաթուղթը։