
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասել է, որ իշխանությունները խոսում են խաղաղության մասին, սակայն չեն կարողանում բերել մի որևէ օրինակ, երբ երկու երկրների միջև հաստատվում է խաղաղություն, բայց զավթիչն իր զավթիչ զորքերը մյուս երկրից չի հանում:
«Երբ TRIPP-ի տեքստն ես նայում, փորձում ես հասկանալ՝ այստեղ շրջափակումը որտե՞ղ եք տեսնում։ Հայաստանը Ադրբեջանին տալիս է անցում, ճանապարհ, երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, էլեկտրական հոսանքի գծեր, կապի մալուխ, իսկ Հայաստանն ի՞նչ է ստանում։ Սրանով ինչպե՞ս է ճեղքվում Հայաստանի շրջափակումը։ Թղթերում որևէ ակնկարկ չկա, որ Ադրբեջանը Հայաստանին տրամադրում է անխոչընդոտ անցում։ Ինչ որ անորոշ փոխադարձ առավելությունների մասին է խոսքը»,- ասել է Խաչատրյանը, գրում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ Հայաստանի շրջափակումը ճեղքվի, սրա հետ զուգահեռ նույն մանրամասներով և նույն խոստումներով Ադրբեջանը պետք է խոստանար Հայաստանին առնվազն Նախիջևանի միջով տրամադրել անխոչընդոտ անցում, գազամուղ, նավթամուղ։
«Չկա նման բան։ Ավելին՝ կան ռիսկեր։ Կասկածն այն է, որ սա կլինի այն քայլը, որ հետո Ադրբեջանն ու Հայաստանն ունենան մեկ ընդհանուր էներգետիկ համակարգ ու նոր կախվածություն»,-ասել է Խաչատրյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։