18 հունիսի 2009 - 19:35 AMT
«Բարգավաճ Հայաստանը» Ավագանու խորհրդում կզբաղեցնի հսկող գործառույթը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունn ընդունում է Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքները: Հաջող անցկացված քարոզարշավի համեմատ մենք բավարարված չենք ընտրությունների արդյունքներով, թեեւ գիտենք, որ խնդիրը մեզնում էր»,- հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը:

Խաչիկ Գալստյանը նաեւ ընդգծել է, որ խնդիրը կայանում էր անմիջականորեն ընտրատեղամասերում աշխատանքները կազմակերպելու մեջ, ամբողջությամբ չօգտագործվեցին հանձնաժողովի լիազորված անդամների ներքին ռեսուրսները: «Դա լավ փորձառություն է մեզ համար, որպեսզի պատրաստ լինենք հաջորդ ընտրություններին»,- հայտնել է նա:

Գալստյանի խոսքով, այդ ամենով հանդերձ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին 9%-ի ակնհայտ առաջընթաց է արձանագրել: Նա շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին եւ վստահեցրել, որ կուսակցությունը ջանասիրաբար աշխատելու է եւ փորձելու լուծել Երեւանի Ավագանու խորհրդում բարձրացվող բոլոր հարցերը:

Մամլո քարտուղարը նաեւ ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները Երեւանի Ավագանու խորհրդում կզբաղեցնեն հսկող գործառույթները: