
Հունվարի 23-ին Իջևանում կայացել է «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել է ՄԻՊ-ի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ։ Բացման խոսքերով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Անդրադառնալով թեմային՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ չնայած վերջին տարիներին ձեռնարկված քայլերին՝ այն շարունակում է մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։
«Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, հաճախ այն սխալմամբ ընկալվում է որպես որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելու փորձ։ Մինչդեռ իրականում խոսքը ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների երաշխավորման մասին է։ Որոշ խմբերի իրավունքների շեշտադրումը վկայում է այն մասին, որ նրանց իրավունքների իրացման հետ կապված առկա են խնդիրներ։ Կարևոր չէ՝ դրանք մեծ են, թե փոքր. փաստն այն է, որ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն»,-ասել է նա:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» վավերագրական ֆիլմը, որի ստեղծումը հնարավոր է դարձել Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։ Ֆիլմը լուսաբանում է սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների թեման՝ ընդգծելով դրա խորքային պատճառներն ու հետևանքները։
Ցուցադրությունից հետո անցկացվել է թեմատիկ քննարկում, որին մասնակցել են Անահիտ Մանասյանը, դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Աղբալյանը։ Քննարկումը վարել է Լարիսա Հարությունյանը, ով ներկայացնում է Նիդերլանդների դեսպանությունը՝ որպես քաղաքական և տնտեսական հարցերի պատասխանատու։
Միջոցառման եզրափակիչ խոսքում Անահիտ Մանասյանը շեշտել է նման նախաձեռնությունների կարևորությունը՝ ոչ միայն տեղեկացվածության մակարդակի բարձրացման, այլ նաև հանրային գիտակցության ձևավորման տեսանկյունից՝ հիմնված հավասարության, հարգանքի և համերաշխության սկզբունքների վրա։
Նա նաև ընդգծել է, որ այս հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համախմբել բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը՝ խոստանալով, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստ է աջակցել ոլորտում նախաձեռնվող բոլոր նպատակային ծրագրերին։
Միջոցառմանը ներկա են գտնվել Տավուշի մարզպետարանի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված քաղաքացիներ։