18 հունիսի 2009 - 20:05 AMT
Ազգի ինքնորոշման իրավունքը բոլոր հակամարտությունների լուծման որոշիչ գործոններից մեկն է
Այսօր մենք հպարտանում ենք հայկական արմատներ ունեցող Սիրիայի քաղաքացիներով, որոնք ակնառու դեր են խաղում Սիրիայի ընդհանուր կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես` արվեստի, երաժշտության, բժկության, արհեստագործության եւ այլ բնագավառներում: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիսավոր ընթրիքի ժամանակ հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը: Նրա խոսքով, այդ անքակտելի մշակութային միաձուլումը պատասխանն է քարոզվող այն մտքերին, գաղափարախոսություններին եւ ռասսայական գործողություններին, որոնք ի հայտ բերեցին քաղաքակրթությունների, մշակույթների, կրոնների եւ ազգերի հակամարտության ակունքը, ինչը հանգեցրեց համաշխարհային անվտանգության եւ խաղաղության ապակայունացմանը աշխարհի բազմաթիվ վայրերում, հատկապես` Միջին Արեւելքի, Կովկասի եւ Ասիայի տարածաշրջաններում:

Ինչպես նշել է Սիրիայի նախագահը, այս կողմնակալ եւ անպատասխանատու քաղաքականությունները հանգեցրին պատերազմների եւ հակամարտությունների ծագմանը, որոնց բռնկումն անհեթեթ է քսանմեկերորդ դարում իրավունքի, արդարության, հավասարության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների տարածման համար ժողովուրդների մղած երկար պայքարից հետո: «Մեր երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները համագործակցության բազմադարյան ավանդույթներ ունեն, եւ մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները կառուցված են սիրո եւ փոխադարձ հարգանքի վրա, եւ մենք առաջ ենք նայում, ակնկալելով, որ միասին կաշխատենք այս հարաբերությունները բոլոր բնագավառներում` քաղաքական, տնտեսական ու առեւտրային, ցանկանալի մակարդակի բարձրացնելու համար: Այս շրջանակներում մեր այսօրվա բանակցությունները հաստատեցին, որ երկկողմ հարաբերություններն աճելու են, զարգանալու են եւ ծաղկելու են անընդհատ` ի շահ երկու ժողովուրդների, երկու երկրների եւ երկու տարածաշրջանների, նաեւ պետք է ընդգծենք տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդման կարեւորությունը` հույս ունենալով, որ մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մակարդակը կհասնի մեր միջեւ առկա քաղաքական, հասարակական եւ մշակութային հարաբերությունների մակարդակին: Մենք ակնկալում ենք միասին աշխատել, նաեւ` գործող եւ համապատասխան կողմերի հետ` Միջին Արեւելքի, Կովկասի եւ Միջին Ասիայի տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատման համար, քանի որ այս ամենն ազդեցություն ունի աշխարհում կայունության եւ անվտանգության հաստատման գործում, եւ մենք վստահ ենք, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգեը, ինչպես նաեւ միջազգային որոշումներն ու միջազգային իրավունքը հարգելը եւ երկխոսության կարեւորության համատեղ համոզմունքի վրա հիմնված իրավական կամքը բավարար հիմք է աշխարհում բոլոր ճգնաժամերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- նշել է նա: Բաշար Ալ-Ասադը ողջունել է նաեւ այն դրական քայլերը, որոնց ականատես են եղել հայ-թուրքական հարաբերությունները, եւ պատրաստակամություն հայտնել այս հարաբերությունների ամրապնդմանը նպաստող որեւէ ջանք գործադրելու համար: «Այսօր մենք հույս ունենք, որ կանգնած ենք նոր փուլի առջեւ, փուլ, որտեղ տեսնում ենք հույսի շող, այն բանից հետո, երբ լսեցինք փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության կոչ անող մի նոր ձայն, սակայն մենք սպասում ենք, որ խոսքը ուղեկցվի գործով, եւ լուրջ աշխատանք սկսվի Ձեր տարածաշրջանի եւ մեր տարածաշրջանի խնդիրների արդար լուծմանը հասնելու համար»,- ամփոփել է Սիրիայի նախագահը: