29 հունվարի 2026 - 17:21 AMT
ՔԿ-ն վարույթ է հարուցել ՀԱԵ դեմ՝ կարգալույծ արված Սարոյանի առնչությամբ

Քննչական կոմիտեն դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել ՀԱԵ դեմ՝ այն առնչվում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյանի):

Նշվում է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ «2026 թվականի հունվարի 16-ի կատարողական թերթով, արգելել էր «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և մի շարք այլ անձանց իրականացնել որևէ քայլ, որը կարող է խոչընդոտել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի կարգավիճակով՝ եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով և այլ գործող կանոններով սահմանված պարտականությունների և իրավունքների իրագործմանը, ներառյալ՝ թեմի ֆինանսների կառավարումը և ֆինանսական գործարքների իրականացումը մինչև վերջնական դատական ակտի ընդունումը՚։

Այս որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում սկսվել է կատարողական վարույթ, որի շրջանակում ընդունվել է որոշում՝ պարտապանին պարտադրելու կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից։ Այդ որոշումը՝ ընդունված 2026 թվականի հունվարի 19-ին, անձամբ հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն։

«Այնուամենայնիվ, նման իրավական պայմաններում Գերագույն հոգևոր խորհուրդը 2026 թվականի հունվարի 27-ին կայացրել է որոշում, որով Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայրապետական տնօրինությամբ հռչակվել է կարգալույծ։

Հաշվի առնելով, որ հաղորդման մեջ ներկայացված են տվյալներ՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու» համապատասխան պաշտոնյաների կողմից իրենց ծառայողական լիազորություններն ու դրանով պայմանավորված ազդեցությունը օգտագործելու միջոցով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի չկատարման և դրա կատարումը կանխելու հնարավոր արարքների մասին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2026 թվականի հունվարի 29-ին հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի և 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ներկայումս կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ: