30 հունվարի 2026 - 14:12 AMT
Տնտեսական ակտիվությունը 2025-ին աճել է 9.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա համեմատ աճել է 9.1 տոկոսով։

Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 4.7 տոկոս աճ՝ ընդհանուր արտադրանքի ծավալը կազմել է 3 տրլն 327 մլրդ 745.1 մլն դրամ։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքը հունվար-դեկտեմբերին աճել է 5.6 տոկոսով՝ հասնելով 1 տրլն 57 մլրդ 224 մլն դրամի, հայտնում է Արմենպրեսը:

Շինարարության ոլորտում արձանագրվել է ամենամեծ աճը՝ 20.2 տոկոս։ Տարեկան ծավալը կազմել է 810 մլրդ 676.1 մլն դրամ։ Առևտրի շրջանառությունը բարձրացել է 3 տոկոսով՝ կազմելով 6 տրլն 789 մլրդ 902.9 մլն դրամ։

Մատուցված ծառայությունների ծավալը տարվա ընթացքում աճել է 10.5 տոկոսով՝ հասնելով 4 տրլն 89 մլրդ 742.4 մլն դրամի։

Նշված ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսը բարձրացել է 3.3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.8 տոկոսով։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ավելացել են 3.4 տոկոսով։

Միջին ամսական անվանական աշխատավարձը տարվա ընթացքում աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 303 հազար 140 դրամ։ Պետական հատվածում միջին աշխատավարձը հասել է 239 հազար 369 դրամ՝ աճելով 6.5 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում՝ 327 հազար 604 դրամ՝ 5.1 տոկոս աճով։

Միևնույն ժամանակ, արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025-ին նվազել է 29 տոկոսով՝ կազմելով 21 մլրդ 430.3 մլն դոլար։ Արտահանումը կրճատվել է 36.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 23.6 տոկոսով։

Դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 387.01 դրամ։

Հայաստանից արտահանման ծավալները 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կրճատվել են 40.6 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 349 մլն 13.6 հազար ԱՄՆ դոլար։ Այս տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Ընդհանուր առմամբ, արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 18 մլրդ 908 մլն 366.3 հազար դոլար՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 33.2 տոկոսով։ Ներմուծումը նույնպես անկում է ապրել՝ 27.4 տոկոսով՝ հասնելով 11 մլրդ 559 մլն 352.7 հազար դոլարի։