30 հունվարի 2026 - 16:25 AMT
Մսի իրացման կետերում խախտումները նվազել են

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ամփոփիչ ասուլիսում հայտնել է, որ 2025 թվականին մսի իրացման կետերում մշտադիտարկումների թիվն աճել է, իսկ խախտումներինը՝ նվազել։

«2025 թվականին իրականացվել է 5301 անասնահամաճարակային մշտադիտարկում, որից 4515-ը՝ մսի իրացման կետերում, իսկ 786-ը՝ սպանդանոցներում, անասնապահական ֆերմաներում, կաթի ընդունման կետերում։ Մսի իրացման կետերում նմանատիպ քանակությամբ մշտադիտարկում անելը մեծ թիվ է կազմում, բայց խախտումների թիվը նվազել է, ինչն ուրախացնող է ու համարում ենք արդյունավետ պայքարի արդյունք։ Մշտադիտարկումները և վերահսկողությունը շարունակական են լինելու»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ մսի իրացման կետերում կատարված ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել 314 կետում, որոնցից 265-ի նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն։

Պետրոսյանը նշել է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով շուկայից առգրավվել և ոչնչացվել է գրեթե 8 տոննա միս։

Սպանդանոցների թեմային անդրադառնալով՝ ՍԱՏՄ ղեկավարը հայտնել է, որ 2024 թվականին ՀՀ-ում գործել է 139 սպանդանոց, իսկ 2025-ին՝ 128։ Թեև դրանց թիվը փոքր-ինչ կրճատվել է, սակայն սպանդանոցներում իրականացված մորթի ծավալը կազմել է 31,000 տոննա՝ նախորդ տարիների համեմատ աճ գրանցելով։

ՍԱՏՄ ղեկավարը նշել է՝ սննդամթերքի շուկայում ամենատարածված խախտումները վերաբերել են պիտանելիությանը, մսի ծագմանը և սանիտարական պայմաններին, հայտնում է Aysor.am-ը։

2025 թվականին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 7569 վերահսկողական միջոցառում, որոնց արդյունքում արձանագրվել է 1819 խախտում։ Այս մասին հայտնել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հիմնական խախտումներն են՝ պիտանելիության ժամկետն անց կամ վտանգավոր սննդամթերքի իրացումը, ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը։ Հաճախ խախտվում են պահման պայմանները, անձնական հիգիենայի և սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննությունների պարբերականությունը։ Հաճախ բացակայում են անվտանգության հավաստող փաստաթղթերը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ վերահսկողական աշխատանքները շարունակվելու են նաև 2026 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել սննդամթերքի անվտանգության մակարդակը և կանխել սպառողի առողջության համար ռիսկային իրավիճակները։

Տիգրան Պետրոսյանը նշել է, որ 2025 թվականին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը արձանագրել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 21 դեպք, որոնց հետևանքով տուժել է 64 քաղաքացի, հայտնում է Factor.am-ը:

«Սննդային թունավորումները մեր գլխավոր մտահոգություններից են։ Հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, խաչաձև աղտոտվածության պատճառով։ Ամենաշատ տուժածները եղել են շաուրմայանոցներից մեկում՝ թունավորվել է 12 մարդ։ Մնացած բոլոր տեղերում թունավորվողները եղել են մեկ-երկու հոգի»,- ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նման դեպքերին հակազդելու ամենաարդյունավետ միջոցը սննդի անվտանգության համակարգերում ՀԱՍՊ (Hazard Analysis and Critical Control Points) համակարգի ներդրումն է, որը միջազգային փորձով արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։

Անդրադառնալով վարչական պատասխանատվության միջոցներին՝ Պետրոսյանը նշել է, որ 2025 թվականին կայացվել է արտադրական գործունեության կասեցման 200 որոշում, որոնցից 131-ն արդեն վերացվել է։

Տարվա ընթացքում կայացվել է նաև վարչական տուգանքի վերաբերյալ 1455 որոշում, որոնց շրջանակում նշանակված տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 339 միլիոն դրամ։ Տարվա ավարտի դրությամբ գանձվել է մոտ 270 միլիոն դրամ։

«Այստեղ ևս 2023 և 2024 թվականների համեմատությամբ մեր թիվը եռակի, կրկնակի մեծացել է։ Բայց մեր գերնպատակը գումարների գանձումը և մեծ գումարներ հավաքագրելը չէ, մեզ ընդհակառակը պետք է պատկեր, որպեսզի վերահսկողության ոլորտում լինի կայուն իրավիճակ»,- ընդգծել է ՍԱՏՄ ղեկավարը։

Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը Հայաստանում ուժի մեջ է մտել 2023 թվականի դեկտեմբերի 6-ից։ Այդ ժամանակից ի վեր արգելված է շուկայում վաճառել ցանկացած կենդանական ծագման հումք կամ մթերք, եթե այն ստացվել է ոչ սպանդանոցային պայմաններում։ Այս կարգը խախտելու դեպքում միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ ՀՀ կառավարությունը սահմանել է մինչև 10 հազար դրամի պետական աջակցություն՝ սպանդանոցային մորթ իրականացնող ֆիզիկական անձանց համար։