3 փետրվարի 2026 - 17:48 AMT
Սիմոնյան․ TRIPP-ի շրջանակում ՌԴ մասնակցությունը մի քիչ աբսուրդային եմ համարում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով TRIPP-ին ՌԴ-ի հավանական մասնակցության մասին, ասել է, որ դա «մի քիչ աբսուրդային է համարում»՝ հավելելով, որ դա «կնշանակի՝ ամեն ինչ անել, որ TRIPP-ը չաշխատի»: Սիմոնյանն այդպես է պատասխանել այն հարցին, թե հնարավոր է արդյոք փետրվարի 5-ին՝ ՌԴ պաշտոնական այցի շրջանակում, քննարկվի Ռուսաստանի մասնակցությունը TRIPP-ին, հայտնում է Factor.am-ը:

«TRIPP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է, եթե մենք խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղու կամ նմանատիպ ինչ-որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս, դա պետք է լինի առանձին նախաձեռնություն, բայց TRIPP-ի շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետաքրքրվածությունն այս ծրագրով ոչ թե արտառոց է, այլ սովորական փորձ՝ ազդեցություն պահպանելու հարակից երկրներում, մասնավորապես՝ տնտեսության միջոցով, քանի որ ռազմական ազդեցության հնարավորությունը նվազել է։

Նա արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Ռուսաստանը պատրաստ է քննարկել TRIPP-ին միանալու տարբերակը՝ «ռուսական երկաթուղու եզակի փորձը» հաշվի առնելով։

«Այդպիսի մեծ պետության գործելաոճ է, ոչ մի նոր բան և ոչ մի արտառոց բան չի նշանակում։ Բոլորն էլ հետաքրքրված են իրենց շրջապատող երկրներում իրենց ազդեցությունն ունենալ, և այդ ազդեցությունը, եթե ռազմական առումով արդեն հնարավոր չի ունենալ, բնական է, տնտեսական առումով է այդ ազդեցությունը»,-ասել է նա:

Խոսելով տարածաշրջանի ապագայի մասին՝ Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ պատերազմի էջը Հայաստանի և Ադրբեջանի միջև փակված է։

«Կարծում եմ, այդ էջը փակված է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի էջը փակված է։ Ես անհավանական եմ համարում, եթե կտրուկ ինչ-որ բաներ տեղի չունենան։ Անհավանական եմ համարում, որ այդ էջը մենք նորից բացենք, և այդ էջը ես համարում եմ փակված։ Նաև ես կարծում եմ, մեր մարդկանց ուղեղներում, և հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես կարող են նման պնդում անել, որ իրենց մոտ էլ է այդ էջը, ըստ իս, փակված»,– նշել է ԱԺ նախագահը։

Նա հավելել է, որ փորձերը՝ ընտրություններից առաջ կամ հետո ստեղծել նոր իրողություններ, քիչ հավանական են։

«Այն, ինչ որ մենք հայտարարել ենք, այն, որ ղարաբաղյան էջը փակված է և խաղաղության դարաշրջան է, և այն, ինչ որ տեղի է ունեցել, ընդդիմադիր դաշտում, քաղաքական դաշտում, արձագանքի առումով, և հայ ժողովրդի արձագանքի առումով, իմ համար ակնհայտ է, որ այն խոսույթը, այն առաջարկը, չակերտավոր, որը որ մենք արել ենք, դա հանրության կողմից ընդունվել է և հաստատվել էԼ Եվ ևս մեկ անգամ կհաստատվի 26 թվականի ընտրություններին»,– նշել է Սիմոնյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։