
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ ՀՀ-ում հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Նա հավելել է, որ ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում՝ նշելով, որ դա անընդունելի է:
Նրա գնահատմամբ՝ քաղաքական բանավեճի տիրույթում լայնորեն կիրառվում են կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, կրոնական խմբերի ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ նվաստացնող, վիրավորական ու պիտակավորող ձևակերպումներ։
«Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա դարձան կանանց պիտակավորող, սեռով պայմանավորված նախապաշարմունքներ պարունակող ու փաստացի կանանց արժանապատվությունը նվաստացնող ձևակերպումները… Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները, ցավոք, արմատավորված են հասարակությունում…»,– ասված է հայտարարությունում։
Պաշտպանը դատապարտել է նման խոսքի ցանկացած դրսևորում՝ ընդգծելով, որ դրանց նկատմամբ չկան բավարար հանրային և իրավական հակազդեցություններ, ինչն էլ հանգեցնում է նորմալացման և տարածման։
Հատուկ շեշտադրվել է նաև այն փաստը, որ հասարակական ընկալման մեջ հաճախ չի գիտակցվում խտրական խոսքի իրական վտանգը, իսկ հակազդեցությունները երբեմն իրականացվում են՝ ևս մեկ խտրական հարթության վրա՝ նոր պիտակավորումներով ու վիրավորանքներով։
Պաշտպանը անթույլատրելի է համարել նաև խոսքի դրսևորումներ, որոնք ուղղված են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց դեմ, ինչպես նաև էթնիկ և կրոնական պատկանելության հիմքով ատելության խոսքը, օրինակ՝ այն դեպքերը, երբ «թուրք», «եզդի» և այլ նմանատիպ բառերը օգտագործվում են որպես վիրավորանք։
ՄԻՊ-ի հայտարարությունում անդրադարձ կա նաև ՀԱԵ ու այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ուղղված խոսքի դրսևորումներին, ինչպես նաև այդ թեմայով ընթացող քրեաիրավական գործընթացների հանրային ընկալմանը։
Պաշտպանը շեշտել է, որ այդ գործերի վերաբերյալ իրավապահ մարմինների հաղորդակցությունը պետք է լինի հստակ, իրավաչափության հիմքերը բացատրող և առավելագույն զգայունությամբ իրականացված, որպեսզի հանրության մոտ չձևավորվեն տպավորություններ՝ կրոնական համոզմունքների անտեսման մասին։
Նա նաև նշել է, որ ազատությունից զրկված անձանց կրոնական ազատությունների երաշխավորման հարցերը մնում են իր ուշադրության կենտրոնում և ընդգծել է՝ դրանց լուծման համար անհրաժեշտ է համակարգային և հայեցակարգային մոտեցում։
ՄԻՊ-ն իր եզրափակիչ կոչով դիմել է բոլոր դերակատարներին՝ քաղաքական, հանրային գործիչներին, մեդիային ու մասնագիտական շրջանակներին՝ կոչ անելով.
Պաշտպանը վերահաստատել է, որ հրապարակային խոսքի նման դրսևորումները չեն կարող որևէ արդարացում ունենալ և պետք է արժանանան համարժեք հակազդեցության։