19 հունիսի 2009 - 14:21 AMT
Այսօր Իրանի հոգեւոր առաջնորդը կդիմի ժողովրդին
Իրանում արդեն մեկ շաբաթ է չեն դադարում բողոքի ակցիաներն ու ցույցերը: Նախագահական ընտրություններում պարտված թեկնածուները վիճարկում են արդյունքներն ու կրկին փողոց հանում իրենց կողմնակիցներին
Ակնկալվում է, որ այսօր աղոթքի ժամանակ ժողովրդին կոչով կդիմի երկրի հոգեւոր առաջնորդը` այաթոլլա Ալի Համենեին: Ակնկալվում է, որ նա հանգստության եւ միասնության կոչ կանի, դուրս գալու համար ստեղծված ճգնաժամից: Միեւնույն ժամանակ մի շարք դիտորդներ նշում են, որ Համենեիի շրջապատի շատ բարձրաստիճան հոգեւորականներ բացահայտ խոսում են խախտումների եւ քվեարկության արդյունքում կեղծումների մասին: Սակայն դեռեւս պարզ չէ, կարող են արդյոք նման հայտարարություններն արդյունքների վերանայման պատճառ դառնալ:
Նախագահ Ահմադինեժադը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ բոլոր նրանք, ով սրում է իրավիճակն ու թալան ու հրկիզումներ կազմակերպում, ընդհանուր ոչ մի բան չունեն պարսիկ ժողովրդի հետ, որն, ըստ նախագահի, արտահայտել է իր կամքը:
Նախօրեին հաղորդվել էր, որ ոստիկանությունն ու իսլամիստ կամավորականները ավերել են Թեհրանի համալսարանի մի քանի լսարաններ: Հաղորդվել է նաեւ ուսանողական հանրակացարանների վրա նոր հարձակումների մասին: Հենց ուսանողներն են կազմում ընտրությունների արդյունքներից դժգոհների զգալի մասը, հաղորդում է Euronews-ը: