5 փետրվարի 2026 - 10:40 AMT
Տեր Եսայի․ 42 գնդերեցից 35-ը վերադարձել է Մայր աթոռ, 4-ը՝ միացել «բարենորոգմանը»

ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող 42 գնդերեցից 35-ն արդեն վերադարձել է Մայր Աթոռ։ Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերում հոգևոր ծառայության լուծարումից հետո գնդերեցներից 3-ն անցել են պարտադիր ժամկետային զինծառայության (նրանք ժամկետային զինծառայողներ էին– խմբ․ ), 4-ը միացել են եկեղեցու այսպես կոչված «բարենորոգման» շարժմանը՝ 35 գնդերեց վերադարձել է Մայր աթոռ և նոր նշանակումների են սպասում։

«ՀՀ–ի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով եկեղեցին լիազորված է ունենալ մշտական հոգևորական ներկայություն զինվորական ստորաբաժանումներում։ Իսկ Մայր աթոռի և պաշտպանության նախարարության միջև գոյություն ունեցող հոգևոր ծառայության կանոնադրությամբ՝ ԶՈւ-ում հոգևոր ծառայությունը դադարեցվում է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՊՆ հրամանով։ Այս երկու հիմունքները ակնհայտորեն խախտվել են»,– ընդգծել է տեր Եսային։

Տեր Եսային հայտնել է իր համոզմունքը, որ զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցումը չի բխում զինվորների և հայոց բանակի շահերից, ուստի նախարարի որոշումը վերանայման կարիք ունի։

Հունվարի 30-ին հայտարարվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշման մասին, համաձայն որի՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը պաշտոնապես դադարեցվել է։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԶՈւ որոշ բարձրաստիճան զինվորականներ ճնշումներ են գործադրել գնդերեցների վրա՝ պահանջելով միանալ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, որի նպատակը կաթողիկոսի հրաժարականն է։

ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը հիմնադրվել է 1997 թվականի նոյեմբերի 13-ին՝ Գարեգին Ա կաթողիկոսի և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ։