19 հունիսի 2009 - 15:48 AMT
Թուրքիան այնպես կանի, որ Հայաստանի նախագահը շարունակի Անկարայի հետ սկսած «խաղը»
Թուրքական դիվանագիտությունը միջոց կգտնի, որպեսզի Հայաստանի նախագահը շարունակի Անկարայի հետ սկսած «խաղը» եւ մեկնի Հայաստան-Թուրքիա պատասխան ֆուտբոլային խաղի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ես վստահ եմ, որ մինչ հանդիպումը համաձայնագիր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չի ստորագրվի: Գուցե հայ-թուրքական սահմանը պայմանականորեն բացվի 2-3 օրով, ոչ ավելին»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, նախագահը չի կարող հեշտությամբ հրաժարվել Թուրքիայի հետ բանակցություններից, քանի որ վարում է դրանք երրորդ կողմի համար: «Շարունակելով բանակցություններն Անկարայի հետ` հայկական կողմը ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը եւ գերտերություններին, որ Հայաստանն, ի տարբերություն Թուրքիայի, պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարեւան երկրի հետ առանց նախապայմանների»,-ասել է Կիրո Մանոյանը: