19 հունիսի 2009 - 16:15 AMT
ՀԱԿ-ի բոլոր պնդումները զուրկ են իրավական հիմքից
Այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի է ունեցել ՀՀ ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանի մամլո ասուլիսը: Ինչպես հայտարարել է Ազարյանը, Հայ ազգային կոնգրեսի պահանջը Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ զուրկ է իրավական հիքմերից: Նա նշել է, որ ՀԱԿ-ի բերած գրեթե բոլոր փաստարկները, մասնավորապես, այն, որ քվեարկությանը մասնակցել են երեւանյան գրանցում չունեցող մարդիկ, կամ որ խտրական վերաբերմունք է դրսեւորվել միջազգային դիտորդներին հրավիրելու հարցում, Ընտրական օրենսգրքի խախտում չեն համարվում: Ազարյանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս երեւանյան գրանցում չունեցող անձանց սահմանված ժամկետում դիմել ԿԸՀ եւ մասնակցել ընտրություններին: Նա նաեւ նշել է, որ բոլոր ընտրություններին հրավիրվում են նույն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ըստ Ազարյանի, նույնիսկ եթե ընտրությունների արդյունքները 438 տեղամասերից 18-ում, որտեղ խախտումներ են հայտնաբերվել, անվավեր ճանաչվեն, դա չի անդրադառնա ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա: