
Դիլիջանում բացվել է Հայկական գործվածքի թանգարան՝ դառնալով Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տեղական մասնաճյուղը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Պետության միջոցներով հուշարձան շենքն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ ներսում հրաշալի ցուցադրություն է, որը տեսնելը պետք է դառնա Դիլիջան գնալու ևս մեկ առիթ», - գրել է նախարարը։
Նոր ցուցադրությունը տեղակայված է 1896 թվականին կառուցված պատմամշակութային նշանակության շենքում, որը կապված է հայ մշակույթի հայտնի գործիչների գործունեության հետ։ Թանգարանի նպատակն է վերաիմաստավորել գործվածքի դերը՝ դիտարկելով այն որպես հայ ինքնության, ոչ նյութական մշակութային ժառանգության և համայնքային զարգացման կարևոր տարր։
Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը հիմնվել է 1979 թվականին Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։ Շենքը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը, և այն ժամանակին ծառայել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոց։ Ավելի ուշ վերջին բնակիչը՝ Հովհաննես Շարամբեյանը, նախաձեռնել է շենքի վերափոխումը թանգարանի՝ նվիրելով իր անձնական հավաքածուն։
Թանգարանի հավաքածուն համալրվել է նաև Սերիկ Դավթյանի և Դիլիջանում գործող վարպետների գործերով։ Թեև թանգարանում ներկայացվել են տարբեր ճյուղեր, սակայն կենտրոնական տեղ է հատկացվել գործվածքին՝ ասեղնագործությանը, ժանյակին, գորգագործությանը։
Նոր ցուցադրության մեջ հատուկ տեղ է տրված Հովհաննես Շարամբեյանի դիլիջանյան թեմատիկ գեղանկարներին, որոնք հանդես են գալիս որպես գեղարվեստական վավերագրեր՝ պահպանելով քաղաքի պատմական դիմագիծն ու մթնոլորտը։ Թանգարանի մշտական ցուցադրության համադրողներն են Նարեկ Վան Աշուղաթոյանը (Շարամբեյանի թոռը) և գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը։