
Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային անվտանգության ներկա իրավիճակին առնչվող հարցերին։
Կողմերը կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքի իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, հայտնում է APA-ն:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ քայլերի համադրմանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։